Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ոսկե ծիրան» 12-րդը. Կինոհրավառություն, որ թևածում է մեր քաղաքում

«Ոսկե ծիրան» 12-րդը. Կինոհրավառություն, որ թևածում է մեր քաղաքում
13.07.2015 | 01:23

Բացվեց բազմաթիվ երևանցիների սիրելի փառատոնը՝ «Ոսկե ծիրանը»:

12-րդ անգամ ծիրանավառ հանդերձ հագավ Երևանը: Կինոյի տոնն այս տարի մեր քաղաք է բերել շատ անվանիների. Ռոբեր Գեդիգյան, Արտավազդ Փելեշյան, Քշիշտոֆ Զանուսի, Օռնելա Մուտի, Նաստասյա Կինսկի, Պատրիկ Շենե, Ռոբ Նիլսոն, այլք: Նաև ի մի է բերել Հայաստանում առկա ռացիոնալ կինոպոտենցյալը՝ նոր հանդիպումներից նոր մտահղացումներ ծնելու և հետագայում կինոէկրանին մեզ մատուցելու հեռանկարով:
Այս տարի Ծիրանօրհնեքի ծեսը կատարվեց նորակառույց Սուրբ Աննա եկեղեցում:
Ապա հանդիպեցինք հանրահռչակ Օռնելա Մուտիի հետ:
«Ես ընդունեցի «Ոսկե ծիրան» փառատոնի հրավերն այն պատճառով, որ այս տարին իսկապես հատուկ տարի է Հայաստանի համար: Սա այն երկիրն է, որ շատ է ճնշված եղել: Ես ունեմ մի շատ թանկագին ընկերուհի, ռուս, որն ամուսնացել է հայի հետ: Նրա միջոցով ես շատ եմ լսել Հայաստանի մասին և ճանաչել այն: Ինձ շատ է դուր գալիս այս կինոփառատոնը: Եվ ինձ դուր եկավ ֆիլմերի ընտրությունը, որը կատարեց փառատոնը: Երբեք չէի եղել Հայաստանում: Ինձ ասել են, որ Հայաստանը կախարդական երկիր է: Ոչ թե, որովհետև գեղեցիկ է, այլ որովհետև հոգևոր է: Եվ ես չկարողացա մերժել փառատոնի հրավերը»,- այսպիսի խոստովանությամբ սկսեց իր հանդիպումը հանրահռչակ իտալուհին:
«Իրատեսը» հարցրեց նրան. «Ո՞ր դեպքում է դերասանի ազատությունն ավելի սահմանափակված, երբ նկարահանվում է դասական գրականության հիման վրա՞, թե՞ ժամանակակից սցենարով ստեղծվող ֆիլմերում»:
«Երկու դեպքում էլ աշխատանքը շատ հետաքրքիր է: Բնականաբար դասական գործերի հիման վրա, պատմական թմատիկայով ստեղծվող ֆիլմերի վրա աշխատելիս երկար ուսումնասիրություններ են արվում, որովհետև հենց զգեստը պահանջում է որոշակի մոտեցում: Ջինսով կամ շորտերով բոլորովին ուրիշ վիճակում ես լինում, կորսետով՝ ուրիշ: Դասականի դեպքում խոսելու ոճն է փոխվում, շարժուձևը. այսինքն՝ կա իսկապես տարբերություն, կա ավելի մեծ դժվարություն»,- այսպիսին էր Մուտիի պատասխանը:


Հաջորդիվ՝ ավանդույթ դարձած մի արարողակարգ. բացվեց Հենրիկ Մալյանի աստղը Շարլ Ազնավուրի հրապարակում: Հիրավի, արժանի անուն՝ հայ կինոյի լեգենդների ոչ ստվար շարքում:
«Ոսկե ծիրանի» բացման ֆիլմը՝ Ռոբեր Գեդիգյանի «Խենթ պատմությունը», ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում: Ֆիլմը պատմում էր Հայոց ցեղասպանության թողած հետագծի, հայ վրիժառուների և նրաց տարբեր մոտեցումների մասին իրենց գործի նկատմամբ: Ֆիլմի հերոսի՝ Արամի շուրթերով հնչում էր դաժան ճշմարտությունը. «Ցեղասպանությունը բոլորիս խելագար է դարձրել»:
Ֆիլմի ռեժիսորն ասաց, որ ընդունված է կարծել, թե պատմությունը հաղթողներինն է, իսկ հաղթվածներին բաժին է ընկնում լռությունն ու հիշողությունը: Իր ֆիլմը փորձում է հակառակն ապացուցել, մեր պարտությունը խոսուն դարձնել և սփռել ողջ աշխարհով:
Ավանդական Կարմիր գորգի հանդիսավորությունն ընբոշխնելով՝ ծիրանավառները հասան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Այստեղ տոն ու հրավառ տրամադրություն ապահովեցին Սերժ Ավեդիքյանն ու Ժիրայր Փափազյանը:
Կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և ՎիվաՍել.ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարեցին 12-րդ «Ոսկե ծիրանի» բացումը և խոստացան ևս տասը տարի լինել այդ գեղեցիկ համագործակցության մեջ՝ հուրախություն և ի պատիվ մեր երկրի ու ազգի:
Այս տարի «Փարաջանովի թալեր» մրցանակին արժանացան Նաստասյա Կինսկին և Օռնելա Մուտին, որոնք հայտարարեցին, որ հավասարաչափ ուրախ են թե՛ Հայաստանում գտնվելու, «Ոսկե ծիրանին» մասնակցելու, թե՛ միմյանց Երևանում հանդիպելու առիթով:
Բացման հանդիսության ամենագործնական հատվածը, իհարկե, մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերի տեսահոլովակների ցուցադրությունն էր: Քանի որ այդ ֆիլմերի նախնական դիտումների շնորհիվ ես արդեն ունեմ սեփական կարծիքս, փորձեմ համառոտ ներկայացնել այն:
Եվ այսպես. վավերագրական ֆիլմերի մրցությում ներառված են թե՝ ներանձնական, թե՝ համամարդկային թեմաներ շոշափող կինոժապավեններ: Վիեստուրս Կայրիշի «Հավալուսնը անապատում», Ֆելիքս Դյուֆուր-Լապերիերի «Անդրատլանտիդա», Ժան-Գաբրիել Պերիոյի «Գերմանական երիտասարդություն» ֆիլմերը մեզ ներկայցնում են ուրիշների աշխարհը՝ երևակելով դրանց հետ ունեցած մեր ընդհանրություններն ու տարբերությունները: Ալեքսանդր Նանաուի «Տոտոն և նրա քույրերը» ֆիլմի նյութը միայն առերևույթ է մեզ համար էկզոտիկ ու խորթ թվում: Իրականում դա կոնկրետ դեպքից վերացարկվելու և կեղտի ու ապականության մեջ մարդկային արժանապատվության հմայքը տեսնելու հորդոր է, որ չի կարող անտարբեր թողնել ցանկացած բանական արարածի:


Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթին ներկայացված «Ձմռան վերջը» /ռեժ.՝ Կիմ Դե-հուան/ իր դանդաղ ընթացքի մեջ է առնում հանդիսատեսին՝ տպավորություն ստեղծելով, որ ֆիլմի ավարտի հետ չի կայանում «ձմռան վերջը», որովհետև դրանում ծավալված ընտանեկան բարդ ու խճճված հարաբերությունները մտածելու առիթ են տալիս նաև էկրանին վերջին լուսագրերի հայտնվելուց հետո:
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին ներկայացված «Տենդ» /ռեժ.՝ Իրա ՈՒստելենցա/ և «Լիլա» /ռեժ.՝ Կարլոս Լասկանո/ ֆիլմերը կյանքի հանդեպ հակադիր բեևեռներից ուղղված հայացքներն են խաչաձևում. առաջին դեպքում հուսահատ մարդը իր չարության զոհն է դառնում, երկրորդ դեպքում՝ անհուսությունից հեքիաթ արարում: Սոֆյա Չերնիշովայի «Դարաշրջանի վերջը» ստալինյան հալածանքների և բռնակալի մահով դրանց վերջ դրված ցնծության մի դրվագ է պատկերում էկրանին: Դավուդ Խայամի «Չելլե» ֆիլմը էկրանի վրա կատարվող իրադարձույունների և գործող անձանց հանդեպ վերաբերմունքի անսպասելի բեկման մի օրինակ է. քսան րոպե տևողությամբ ֆիլմի ողջ ընթացքում հակաէսթետիկական ու վանող կերպարը ֆիլմի վերջին երկու-երեք րոպեի ընթացքում հանկարծ դառնում է հանդիսատեսի կարեկցանքի ու համակրանքի կրողը՝ հավաստելով այն ճշմարտությունը, որ կյանքը, ինչպես և կինոն կտրուկ շրջադարձերի տիրույթ են:
«Հայկական համայանապատկերի» ամենավառ կինոիրողությունը, թերևս, Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմն է՝ իր դաժան ռեալիզմով:
Ալեն Մանուկյանի «Վերևից» կարճամետրաժը, ինչպես և նրա նախորդ՝ «Հարություն» ֆիլմը, տիեզերքի չար ու բարի ուժերի հավասարակշռությունն է չափուձևում:


«Ինչպես անցնել /Ջիլիզից Ջիլիզ/» /ռեժ.՝ Սոնա Քոչարյան, Մարինե Քոչարյան/ վավերագրությունը մեր առջև ծառացած իրական սահմանների գոյությունն է դատապարտում: Իսկ Ադրինե Գրիգորյանի «Վերադարձ դեպի Գյուրուն» ֆիլմը մեր կորսված սահամանների ու դրանց չսպիացող վերքի հանդեպ նորօրյա վերաբերմունքի շինծու և իրական պատկերներն է երևան հանում: Հովհաննես Իշխանյանի «Ընտանեկան ալբոմը» ստալինյան մղձավանջի վերհուշն է բերում՝ ահազանգելով նաև մերօրյա չարիքի մասին՝ ի դեմս Գյումրու Չերազի անվան դպրոցի տնօրենի:
Ինչևէ, այս և շատ այլ ֆիլմեր պիտի մրցեն երևանյան միջազգային կիոնփառատոնի օրերին, պիտի բորբոքվեն կամ հանդարտվեն շատ կրքեր՝ այս կամ այն առիթով: Բայց տոնը, որի անունն է «Ոսկե ծիրան», արդեն 12-րդ անգամ մեզ համոզում է, որ ինքը հավատարիմ է իր դավանած սկզբունքներին ու հուսախաբ չի անելու այն հազարավոր կինոսերներին, որոնք փառատոնից ոչ թե այս կամ այն մրցանակն ու հրավիրատոմսն են ակնկալում, այլ այն կինոհրավառությունը, որն ամեն ամառ թևածում է մեր քաղաքում:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Տեսանյութ

Օռնելլա Մուտիի հանդիպումը լրագրողների հետ
Հենրիկ Մալյանի աստղի բացումը
Դիտվել է՝ 2149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ